ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ընտրություն` ի հեճուկս անվերջ հաղթանակների ու փայլուն հեռանկարների

Ընտրություն` ի հեճուկս անվերջ հաղթանակների ու փայլուն հեռանկարների
07.12.2012 | 00:56

Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին օրենքի ուժ տվեց 2013-ի պետական բյուջեի նախագծին` ՀՀԿ+ՕԵԿ և ԲՀԿ+ՀԱԿ+ՀՅԴ+«Ժառանգություն» հակադրամիասնության արդյունքում: Կողմերի ու դեմերի միջև ձեռնպահներ չկային: Խորհրդարանն ընդունեց մեկ տարվա, իսկ քանի որ տնտեսական կյանքն օրացուցային չէ, ուրեմն նաև հետագա տարիների հնարավոր զարգացումները սահմանող օրենք:

Հընթացս այլ հարցերի, որոնց կարևորությունը չվիճարկելով` չեմ կարող հիասթափությունս չարձանագրել, թե ինչ անտարբեր ու անհաղորդ ընդունվեց այն փաստաթուղթը, որով հետո հիմնավորվելու են բոլոր հաջողություններն ու անհաջողությունները` «Բյուջեի միջոցների հաշվին է կատարվել», «Բյուջեում փող չկա» հիմնավորումներով: Որքան էլ զարմանալի է (իսկ գուցե բնավ զարմանալի չէ), հայերս ավելի սրտամոտ ընդունեցինք այն նորությունը, որ արքայազն ՈՒիլյամը և Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլտոնը երեխա են ունենալու: Ճիշտ է, Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի ուրախությունը բոլորինն է, ի վերջո, գահի երրորդ հավակնորդն է լույս աշխարհ գալու և գուցե Առյուծի նշանի տակ, բայց անանձնական ուրախությամբ տարվելով` անձնականի հույսը իսպառ սպառել ենք: Թե՞ ընդհանրապես չենք էլ ունեցել:
Անցած ամբողջ շաբաթ քաղաքական ուժերը Հայաստանում պաուզա վերցրածի դասական պահվածք դրսևորեցին: Համարենք, որ այդ պաուզան էլ քաղաքական է: Իրավիճակը, որքան էլ պարադոքսալ է, իր անորոշությամբ օրեցօր առավել որոշակի է դառնում: Պատկերը, եթե քաթանին պահ տրվեր, կարող էր կոչվել` «Ոչ ոք չի ուզում պարտվել», և կարող էր զարդարել քաղաքագիտության ներկա ու ապագա դասագրքերը, որովհետև ոչինչ ավելի տարօրինակ չէ, քան այն համառությունն ու հետևողականությունը, որով իրատես ու պրագմատիկ քաղաքական ուժերը հրաժարվում են քաղաքական պայքարից: Նրանք չեն ուզում նախագահի սեփական թեկնածու ունենալ, նրանք չեն ուզում ընտրություններին մասնակցել, նրանք չեն ուզում հերթական անգամ պարտվել, որովհետև, ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, երկրորդ պատվավոր տեղ այս ընտրություններում չկա, կա հաղթող, ու կան պարտվողներ: Բայց այս պարզ ու անսեթևեթ ճշմարտությունը չեն ուզում հրապարակավ ընդունել, քաղաքական փաթեթավորում է պետք, պետք է իմիջի ու դեմքի, կեցվածքի ու խրամատի պահպանում: Իմիջի, որովհետև կյանքը, անգամ քաղաքական, շարունակվելու է: Դեմքի, որովհետև, կուսակցությունների մրցակցությունից բացի, քաղաքական կյանքի այլ դրսևորումներ հնարված չեն դեռ: Կեցվածքի, որովհետև քաղաքականությունը պետք է հետևողական լինի ու շարունակականության պատրանք ապահովի: Խրամատի, որովհետև բոլորին է ապաստան պետք, գերադասելի է` լավ կահավորված: Կտավը կարող էր կոչվել` «Ոչ ոք չի ուզում պարտվել», բայց, ցավոք, կտավի բնօրինակը, որ ներկայացնում է իրականությունը, այդքան էլ հաղթական չէ: Ոչ մեկի համար: Եվ այս քաթանն են ուզում բոլորը ներկայացնել իբրև իրենց հաղթանակի կտավ:

Համակ լավատեսությամբ համակված ՀԱԿ-ը թեկնածուի իր առայսօր չառաջադրումը հետին պլան մղելու համար հանրությանը զբաղեցնում է մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման նոր հանձնաժողով ստեղծելու, հետո չստեղծելու, ավելի ճիշտ` չգիտես երբ ստեղծելու համաձայնությամբ, ու գործընթացն անվանում է «Հաղթանակ»: Անվանում է ու բացատրում, թե մարտի 1-ի էջը փակված էր, իրեն հաջողվեց բացել: Նախ` ո՞վ ասաց, որ փակված էր, հետո էլ` ո՞վ ասաց, որ կբացվի: Բայց ՀԱԿ-ին «հաղթանակ» է պետք, ու ՀԱԿ-ն «անշեղորեն» հաղթելով առաջ է գնում: Նույնիսկ Սահմանադրական դատարան է հասնելու ու այնտեղ ևս մի «հաղթանակ» է տանելու, երբ պարզվի, որ Սահմանադրությանը չի հակասում ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետը, որով ԱԺ նիստ գումարելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ստորագրություն, թեպետ արտահերթ նիստը հրավիրվում է 44 պատգամավորի ստորագրությամբ, բայց չի կարող անցկացվել նույնքան պատգամավորների գրանցման դեպքում: Սահմանադրական դատարանը կհիմնավորի իր որոշումը, և ՀԱԿ-ը հերթական հաղթանակը կտոնի, որովհետև կարող է ասել, որ հասարակությանը հայտնի դարձրեց, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ծառայում է իշխող ռեժիմին: Դարակազմիկ բացահայտում կլինի, չէ՞, ի շարունակումն այն «լուրջ հաջողության», որին հասան ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները»` հավաքելով Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններ:
Նույնքան համակ լավատեսությամբ համակված` ԲՀԿ-ն նիստին ներկա պատգամավորներով դեմ քվեարկեց պետական բյուջեի նախագծին, բայց կարևորը բնավ էլ դա չէ, այլ Բրյուսելը. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցական պատվիրակությունը կարևոր հանդիպումներ կանցկացնի եվրոպացի պաշտոնյաների հետ ու կվերադառնա Երևան` իր ռուսամետ իմիջին եվրոպական հովեր խառնած: Անկախ հանդիպումների ելքից ու քննարկումների արդյունքներից: Գագիկ Ծառուկյանը կվերադառնա Երևան ու... չշտապեք, նա պաուզան ձգելու է մինչև վերջին պահը: Իսկ հետո առաջադրվելու է իբրև նախագահական ընտրությունների թեկնածու` այդպես են կարծում խրամատի տարբեր կողմերում: Եվ քննարկվող քայլերի հետ քննարկվում են հակաքայլերը: Կկայանա՞, թե՞ չի կայանա ՀԱԿ+ԲՀԿ տանդեմը: Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրումը բացառո՞ւմ, թե՞ պարտադրում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը: Եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի, ամենայն հավանականությամբ կառաջադրվի և Լևոն Տեր-Պետրոսյանը, ու այդ դեպքում պատվավոր երկրորդը լինելը, որը ոչինչ չի նշանակում ռեալ պոլիտիկի մեջ, բայց կարևոր է կուսակցական ջունգլիներում ինքնապահպանման նպատակով, բնավ երաշխավորված չէ Գագիկ Ծառուկյանի համար: Պարզ պատճառով` ՀՀԿ-ի համար Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի նախընտրելի է. նախ լավագույն ավանդույթները շարունակվում են, հին ընկերները չեն դավաճանում ու ընդհանրապես շատ ավելի կանխատեսելի է հետընտրական Լևոն Տեր-Պետրոսյանը, քան ընտրական ու հետընտրական Գագիկ Ծառուկյանը` նույնիսկ ռուսական ու եվրոպական անտարբերության պայմաններում: Ապա` Գագիկ Ծառուկյանը պարտվում է ոչ միայն գործող նախագահին, այլև առաջին նախագահին, որ գոտկատեղից ներքև հարված է բազկամարտի չեմպիոնին: Իսկ ինչո՞ւ ոչ: Լևոն Տեր-Պետրոսյանը նորից կթամբի ավազակապետության դեմ պայքարի ձին, ու հընթացս կպարզվի, որ «ավազակապետերը» միայն ՀՀԿ-ում չեն, ԲՀԿ-ում էլ են խրամատավորվել, ավելի ճիշտ` պարտիզանություն են արել մինչև հիմա: Համաժողովրդական պայքարի իմիջը կլինի՞, կլինի: Առաջին նախագահը իր բարի համբավը կվերականգնի՞: Համենայն դեպս` ո՞վ կարող է ասել, որ չփորձեց: Երրորդ նախագահի ընտրության լեգիտիմությունը կապահովի՞: Առավել քան մրցակցային պայմաններում: Ինչո՞վ տարբերակ չէ: Եվ ինչո՞ւ չզբաղվել այդ տարբերակի խաղարկմամբ` անխոտելի ու փոխշահավետ: Պարզապես երբ պատմությունը երկրորդվում է, երկրորդվում է արդեն ֆարսի վերածված:
ՀՅԴ-ն, որ բնավ լավատեսությամբ համակված չէ, քննարկումներ է կազմակերպում ու Հայաստանի ապագան տեսնում է համակարգային փոփոխությունների մեջ` ակներևաբար հույսը կտրած ընտրությունների միջոցով որևէ փոփոխության հնարավորությունից: Քաղաքական պայքարի իր դարավոր փորձը, թերևս, նոր պայմաններում կուսակցությանը չի օգնում, բայց բնազդը թելադրում է ինքնապահպանման համար անել առավելագույնս անվտանգ քայլեր ներկայում, որ կարող են շահեկան դառնալ ապագայում: Դասական ընդդիմադիր կուսակցության համազգեստը օրեցօր առավել հարմարավետ է դառնում ՀՅԴ-ի համար, և ՀՅԴ-ն է հարմարավետ դառնում իբրև ընդդիմություն իշխանության համար:
«Ժառանգությունը» թիվ 1 ընտրատարածքում պարտություն կրեց: Նախագահական ընտրություններից առաջ թիվ 1 և 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրությունները, որոնց արդյունքում ՀՀԿ-ն ստացավ +2 ձայն խորհրդարանում, ոմանք համարում էին փորձաքննություն: Միամտություն էր կարծել, թե մայիսից այնքան ժամանակ է անցել, որ ՀՀԿ-ն մոռացել է ինչպես հաղթել: Բայց դեկտեմբերի 2-ի լոկալ ընտրություններն ակնառու դարձրին 2013-ի համապետական ընտրություններում հաջողության մասնաբաժինը, որ ունենալու է «Ժառանգությունը» ի դեմս նախագահի իր թեկնածուի, որ խոստացել է առաջադրվել վերջին անգամ:
Եվ ստացվում է, որ անվերջ հաղթանակների ու փայլուն հեռանկարների մեր օրերում իսկապես Հայաստանի կյանքի ամենակարևոր իրադարձությունը այն նորությունն է, որ արքայազն ՈՒիլյամը և Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլտոնը երեխա են ունենալու: Եվ միայն ձմեռն է, որ պաուզա չի վերցրել ու մարմանդ գլորում է իր օրերի կծիկը` մի օր քամի, մի օր անձրև, մի օր ձյուն քաղաքականությամբ:
Ամենատխուրը, որ հարկադիր պաուզան լցնելու համար բոլորը նախընտրում են աղմուկը, և ձայն չի հնչում: Բոլորը խոսում են ասելիքի բացակայությունը քողարկելու համար: Բոլորը խոսում են ժողովրդի անունից, որովհետև իրենք էլ իրենց անվանը չեն վստահում: Ամենաուրախը, որ դեկտեմբերի վերջին բոլոր ասեմ-չասեմ-ինչ ասեմները օրենսդրորեն կավարտվեն ու կսկսվի ընտրությունների ամենադիտարժան ու ամենալսարժան մասը` կխարազանեն ու կխոստանան, կխոստանան ու միմյանց կփնովեն... Հրապարակավ: Եռանդուն: Փաստերով` իրական ու ոչ այնքան: Օրեցօր ավելի շատ ու ավելի պաթետիկ: Հուզական ու խորիմաստ: Ինչքան նորություններ կիմանանք մեր կյանքի մասին, որ այլ պայմաններում չէինք իմանալու: Ոմանք կբարելավեն իրենց սոցիալական վիճակը: Կարճ ժամանակով, բայց չեղածի համեմատ ընդունելի: Ոմանք` կարգավիճակը: Ավելի երկար ժամանակով: Եվ 2013-ի փետրվարից կսկսվի 2017-ը, երբ Քեմբրիջի նոր հերցոգը կամ հերցոգուհին արդեն չորս տարեկան կլինի, գուցե քույր կամ եղբայր էլ ունենա, իսկ Հայաստանում վերջապես կփորձեն անցնել 21-րդ դար, թեկուզ ի նշանավորումն ռուսական հեղափոխության 100-ամյակի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Կտավը կոչվում է «Ոչ ոք չի ուզում պարտվել», բայց պարադոքս է, որ պարտվում են բոլորը միասին, որովհետև եթե ոչ ոք չի պարտվում, ուրեմն ոչ ոք էլ չի հաղթել: Իսկ եթե դուրս գանք տավտոլոգիայի ժանրից, քաղաքականության մեջ դադարներ չեն լինում: Եթե քաղաքական ուժերը գերադասում են պաուզաները, ընդամենը զբաղվում են ինքնախաբեությամբ` ինչ էլ պատկերն անվանեն:

Դիտվել է՝ 2566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ